ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մհեր Խլղաթյանը` բանակային բարքերի հերթական զոհ

Մհեր Խլղաթյանը` բանակային բարքերի հերթական զոհ
15.01.2014 | 17:02

Ձմեռային զորակոչը դեռ ընթացքի մեջ է, իսկ զորակոչվողներն իմ անձնական հարցումներով առանձնապես հաշտ չեն բանակի գաղափարի հետ` չնայած հեռուստաեթերից այս օրերին հաճախ ցուցադրվող կադրերին, որոնցում որոշ նորակոչիկներ ասում են, թե որքան երջանիկ են, որ ծառայելու են հայրենիքին: Նրանք բոլորն էլ իրականում տեղյակ են մեր բանակի բարոյահոգեբանական վիճակին ու սադիզմի զանազան դրսևորումներին, որոնց զոհ է դարձել օրերս Ղարաբաղից Երևան տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանը: Հիվանդ զինվորին այնքան են ծեծել, որ վնասվածքները թաքցնել պարզապես անհնար է: Մհերի մայրը տարբեր լրատվակայքերի պատմել է, թե որդու ձեռքերի և ոտքերի վրա այրվածքներ ու կապտուկներ կան: Նա ասել է, որ Մհերը գլխին ուժեղ հարվածներ է ստացել, տղային օրեր շարունակ խոշտանգել են զորամասի բուժկետում: Այս ֆոնին ուրախ դեմքերով նորակոչիկներին եթերով ցուցադրելը, իսկ Մհերի դեպքի մասին համառ լռություն պահպանելը խոսում է այն մասին, որ իշխանությունը պարզապես թաքցնում է բանակի մասին ճշմարտությունը:

Ընդհանրապես, յուրաքանչյուր բանակի բարոյահոգեբանական վիճակը ուղիղ կապ ունի այդ երկրի հասարակության քաղաքակրթական աստիճանի հետ: Փաստ է, որ մեր բանակում բռնության դեպքերը չափազանց շատ են: Հարցեր կան, որոնց պաշտպանության նախարարությունը չի անդրադառնում: Օրինակ, ի՞նչ է արվում բանակում բարոյահոգեբանական վիճակը փոխելու համար, սպաները ի՞նչ սկզբունքով են ընտրվում բանակում, բանակի բուժծառայողները որոշակի բժշկական քննություն անցնո՞ւմ են, թե՞ ոչ, բանակի կանոնակարգն այն շրջանցելու ի՞նչ բացառություններ է ներառում և այլն:

Մհեր Խլղաթյանի վիճակը դեռևս ծանր է: Նրա մայրն ասել է, որ հարց է՝ թե ապաքինվելուց հետո իր որդին կցանկանա բանակում ծառայությունը շարունակել, թե ոչ: Մեր երկրում զինվորական ծառայությունը պարտադիր է ու բացառված չէ, որ Մհերը ապաքինվելուց հետո վերադառնա զորամաս: Պաշտպանության նախարարության տեսանկյունից դա կհամարվի պարտքի կատարում, իսկ Մհերի՞: Արդեն մեկ անգամ բռնությունների ենթարկված երիտասարդը ի՞նչ հոգեվիճակով կմեկնի զորամաս ու ի՞նչ ազդեցություն կունենա նրա հոգեվիճակը մյուսների վրա: Խնդիրն այն է, որ բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր նման դեպքից հետո հասարակության մոտ նվազում է բանակի նկատմամբ վստահությունը: Իսկ հիվանդության բուժումը, որպես կանոն, ավելի մեծ ջանքեր է պահանջում, քան դրա կանխումը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ